Մարտավարական որոշ փոփոխություններ կանենք լայն զանգվածների հետ շփումներում․ Իշխան Սաղաթելյան
Մենք չենք զբաղվել ամբոխավարությամբ, հանուն քաղաքացիների քվեների չենք գնացել ամեն քայլի: Այս մասին այսօր`հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչը ընտրողներին չի բավարարում, որպեսզի վստահի ՀՅԴ-ին եւ օժտի իշխանության լծակներով:
«Մենք չենք տվել պոպուլիստական խոստումներ, ներկայացրել ենք մեր ծրագրերը, տեսլականը, ցավոք, ունեցել ենք նաև բացթողումներ, հասարակությանը չենք կարողացել ներկայացնել այն, ինչը մենք ունենք և ինչ կարող ենք: Կարծում եմ` առաջիկայում հասարակության լայն զանգվածների հետ աշխատելու և շփումների մեջ մարտավարական որոշ փոփոխություններ կանենք»,- ասաց Սաղաթելյանքը` հավելելով, որ իրենք իրենց արժեքային համակարգով ու ծրագրերով, հետևողական աշխատանքով հաջորդ խորհրդարանական ընտություններից ծանրակշիռ ներկայություն են ունենալու ԱԺ-ում:
Օգտատերերից մեկը հարցրել է՝ արդյո՞ք, անհարմար չեն զգում, որ 130-ամյա կուսակցության վարկանիշն այսօր հասցրել են ներկայիս մակարդակին, երբ Արամ Մանուկյանի, Քաջազնունու, Դրոյի կուսակցությունն ընտրություններում ստանում է ձայների 3-4 տոկոսը․
«Այդ 3-4 տոկոսն անընդհատ մեր աչքը մտցնել պետք չէ, ընտրությունների արդյունքներն անցողիկ են, վերջին երեսուն տարվա մեջ Հայաստանում շատ են եղել քաղաքական գործիչներ և կուսակցություններ, որոնք ունեցել են 30-40-60 տոկոս ձայն, բայց այսօր գոյություն չունեն: Ինչ-որ մթնոլորտում, էյֆորիայի պայմաններում ընտրություններ են եղել, որտեղ հավաքել ենք 4 տոկոս: Իսկ ինչ մնում է Մանուկյանի, Քաջազնունու, Դրոյի կուսակցությանը, մենք այդ արժեքները կրողն ենք, շարունակողն ու պահպանողը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի խոսքով` այսօր իր շրջապատում կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ կողմ են քվեարկել Հանրապետական կուսակցությանը, այսօր դարձել են իմքայլական ու Դաշակցությանը մեղադրում են Հանրապետականի հետ համագործակցելու համար. «Միևնույն է`մենք մնում ենք մեր գաղափարախոսության կրողը,- Իշխան Սաղաթելյանը: