ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան համաշխարհային հանրությանը կոչ են արել երկարաձգել Իրանի հանդեպ ՄԱԿ-ի էմբարգոն
ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան համաշխարհային հանրությանը կոչ են արել երկարաձգել Իրանի հանդեպ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոն՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կկարողանա հետագայում եւս զինել իր խամաճիկներին եւ ապակայունացնել Մերձավոր Արեւելքը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերին՝ համաձայն 2015 թվականի միջազգային միջուկային համաձայնագրի: Այն հարցը, թե արդյոք պետք է երկարաձգել էմբարգոյի ժամկետը, կորոշվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից, իսկ վետոյի գերակշռող իրավունք ունեցող Ռուսաստանը եւ Չինաստանը հասկացրել են, որ իրենք դեմ են նման քայլին:
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն ընդգծել է, որ արգելքի վերացումը միայն կավելացնի Թեհրանի համարձակությունը, կուժեղացնի անկայունությունը եւ կհանգեցնի սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքի: «Սա այն արդյունքը չէ, որը ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել»,- հավելել է նա:
«Չնայած էմբարգոյին՝ Իրանը փորձում է զենք մատակարարել ահաբեկչական խմբավորումներին: Ի՞նչ կլինի, եթե էմբարգոն հանվի: Իրանը կդառնա ավելի դաժան ու ագրեսիվ,- Էր Ռիադում Բրայան Հուքի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը,- Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը երկարաձգել Իրանին զենք վաճառելու եւ այլ երկրներին իրանական զենքի վաճառքի էմբարգոն»։