Ղազախստանում կարող են վերադառնալ խիստ կարանտինային ռեժիմին
Ղազախստանում կարող են վերադառնալ խիստ կարանտինային ռեժիմին: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը, փոխանցում է Tengrinews.kz-ը:
«Ներկայիս համաճարակաբանական իրավիճակը կայունացնելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով ես հանձնարարում եմ Պետական հանձնաժողովին երկու օրվա ընթացքում առաջարկություն մշակել խստագույն կարանտինի ներդրման մասին եւ ներկայացնել ինձ՝ այնպիսին, ինչպիսին գործում էր մարտ ամսվա ընթացքում»,- հայտարարել է նա կորոնավիրուսային վարակի տարածման դեմ միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Ըստ նրա՝ միջգերատեսչական հանձնաժողովը լիարժեք կերպով չի կարողացել անհրաժեշտ օպերատիվ եւ խիստ համակարգում, մոնիտորինգ եւ կատարման վերահսկողություն ապահովել: «Հանձնարարում եմ համաճարակի դեմ պայքարին, սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքների վերացմանն ուղղված բոլոր որոշումները մշակել վարչապետի գլխավորությամբ համապատասխան Պետական հանձնաժողովի շրջանակներում: Պետական հանձնաժողովը պետք է կրիտիկական ռեսուրսների բաշխման կենտրոնացված վերահսկողություն ապահովի»,- ասել է Տոկաեւը:
Հիշեցնենք, որ երկրում, պաշտոնական տվյալների համաձայն, վարակման 21 327 դեպք է գրանցվել, որից 12.933-ը առողջացել է բուժումից հետո, 183-ը մահացել է: Ակտիվ հիվանդ է 8․2 հազար մարդ: Առանց կլինիկական ախտանիշների կորոնավիրուսով վարակվածների թիվը 16 639 է:
Մեկ շաբաթվա ընթացքում ասիմպտոմատիկ մարդկանց թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 9809-ից հասնելով 15 573 մարդու: