Boeing 737 MAX-ի հավաստագրման ամառային թեստերը կմեկնարկեն երկուշաբթի
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչակազմի փորձարարական անձնակազմի անդամներն ու օդաչուները, ինչպես նաեւ Boeing ընկերությունը երկուշաբթի օրվանից պետք է սկսեն Boeing 737 MAX-ը կառավարելու համար հավաստագրեր ստանալու նպատակով եռօրյա փորձարկումներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Այդ փորձարկումներն առանցքային դեր են խաղում Boeing ընկերությունում, որն ապրում է ամենածանր ճգնաժամերից մեկը հիմնադրման առաջին օրերից ի վեր, քանի որ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ կտրուկ նվազել է օդային փոխադրումների եւ ինքնաթիռների պահանջարկը։
Բացի այդ, Եթովպիայում եւ Ինդոնեզիայում Boeing-ի ինքնաթիռների ողբերգական կործանումից հետո ԱՄՆ Կոնգրեսը նախաձեռնել էր հետաքննություն եւ դատավարություն, իսկ արդարադատության նախարարությունը փակել էր ընկերության ֆինանսական ներդրումների աղբյուրը։
Մի քանի ժամ տեւողությամբ հրահանգավորումից հետո ինքնաթիռի անձնակազմը կնստի 737 MAX 7-ի ղեկին, որը համալրված է թեստային սարքավորումներով։
Եռօրյա փորձարկումներում կներառվի վայրէջք Վաշինգտոնի արեւմտյան մասի օդանավակայանում եւ երթուղի խաղաղօվկիանոսյան ափի ուղղությամբ։ Ծրագրում փոփոխություններ կմտցվեն՝ հաշվի առնելով եղանակային եւ այլ գործոնները։