Հունիսի 21-ի դրությամբ Հայաստանում 1400 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ նախարար
Հունիսի 21-ի դրությամբ Հայաստանում 1400 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին հունիսի 26-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դա վարակվածների մոտ 7-8 տոկոսն էր այդ պահի դրությամբ:
«Համեմատելով այլ երկրների ցուցանիշի հետ, դա վատ թիվ չէ, իհարկե լավ կլիներ, որ ոչ ոք չվարակվի` ոչ մի բժիշկ, շտապօգնության վարորդ և այլք չվարակվեին, քանի որ իրենք առաջին գծում են հիմա գտնվում»,- ասել է նախարարը:
Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ եթե օրական 700 դեպք լինի, ապա համակարգը կդիմանա։ Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ այն այս պահին աշխատում է շատ լարված, հատկապես այն հատվածը, որն առանձնացվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար։
Անդրադառնալով բուժհաստատությունների՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ անցնելու վերաբերյալ օրենքի փոփոխությանը՝ նախարարը ստեղծված իրավիճակը համեմատել է ռազմական դրության հետ՝ նշելով, որ այդ օրենքում, օրինակ, նմանատիպ դրույթ կար։
«Երկիրն այժմ այն վիճակում է և փորձն էլ ցույց տվեց, որ պետք է ոչ թե խնդրել բուժհաստատության սեփականատիրոջը, որ զբաղվի կորոնավիրուսային հիվանդությամբ, այլ քանի որ մենք հիմա ճգնաժամային կառավարման խնդիր ունենք, դրանց արագ լուծումներ պետք է տալ: Բուժհաստատության սեփականատիրոջ ցանկությամբ չպետք է լինի` ուզո՞ւմ են զբաղվել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, թե՞ ոչ:
Դա ընդամենը ժամանակավոր ճգնաժամային լուծում է, որը պետք է փրկի երկիրը: Եվ եթե դրա կարիքը լինի կառավարությունը կտա այդ լիազորությունն ամբողջությամբ կամ մասամբ լիազոր մարմնին կառավարելու համար»,- ասել է նախարարը: