Կորոնավիրուսի վտանգը թերագնահատելը հավասարազոր է մարտի դաշտում թշնամուն թերագնահատելու հետ. Արմեն Մարտիրոսյան
Ասել, որ կորոնավիրուսն անվտանգ է, համարժեք է նրան, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ասեին՝ ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքը վտանգ չի ներկայացնում, հունիսի 26-ին հայտարարել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«4.5 ամիս ես չեմ շփվել հարազատներիս հետ, սակայն, միեւնույն է, չեմ կարողացել ապահովել պայմաններ, որպեսզի նրանք, ովքեր չեն պահպանում անվտանգության կանոնները, նույնպես չշփվեն ընտանիքիս հետ: Դա հանգեցրել է նրան, որ իմ ամբողջ ընտանիքը եւ եղբորս ընտանիքում գրեթե բոլորը վարակվել են, իսկ եղբայրս այժմ գտնվում է հիվանդանոցում: Իմ օրինակն այն մասին է, որ եթե անգամ մենք ինքներս հետեւում ենք կանոններին, միեւնույն է հանդուրժում ենք նրանց, ովքեր չեն պահպանում դրանք, եւ խնդիրը չի լուծվում»,-հավելել է նա:
Նշենք, որ հունիսի 19-ին Արմեն Մարտիրոսյանի հայրը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով 77 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված 23247 մարդ, մահացել է 410 պացիենտ (վերջին օրվա ընթացքում՝ 13 մարդ):
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի բարձր ղեկավարությունն էր համեմատել կորոնավիրուսը «ջրծաղիկի» հետ՝ պնդելով, որ բոլորը պետք է վարակվեն դրանով: