Միայն ողջունելի է, որ ՍԴ արդեն նախկին անդամները կդիմեն իրենց իրավունքների վերականգնման համար. Վահե Գրիգորյան
ՍԴ-ն երեկ ոչ մի հայտարարություն չի տարածել, ՍԴ աշխատակազմը հնարավոր է տարածել է ՍԴ արդեն նախկին երեք անդամների եւ մի դատավորի հայտարարությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴժի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք անդամների երեկ տարածած հայտարարությանը:
«Ես դա չեմ մեկնաբանում: Ես ցավում եմ, որ նման մեկնաբանություն է տարածվել: Ես կարծում եմ, որ շատ երկար այս հայտարարությունը եւ նման այլ հայտարարություններ Հայաստանի իրավագիտական եւ քաղաքագիտական մտքի քննության առարկան են լինելու: Ցավում եմ, որ ժամանակին կարող են դրանք անձնավորվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՍԴ այդ անդամները մտադիր են բողոքարկել տեղի ունեցածը եւ հասնել ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան, Վահե Գրիգորյանն ասաց. «Դա կողմի իրավունքն է, ես չեմ ցանկանում այն մեկնաբանել: Եթե նրանք համարում են, որ խախտված իրավունքներ ունեն, միայն ողջունելի է, որ կդիմեն այդ իրավունքների վերականգնման համար: Ոչ մի սխալ եւ անարդար բան չկա նրանում, որ ՍԴ նախկին անդամները, ներկա դատավորները իրենց իրավունքների խախտման դեպքում անցնեն բոլոր այն ընթացակարգերով, որոնցով անցնում են հազարավոր ՀՀ քաղաքացիներ եւ տասնյակ հազարավորներն անցել են: Ես հուսով եմ, որ նախկինում այդ տասնյակ հազարավորների բախտին նրանք չեն արժանանալու:
Մեծ հաշվով ես կարծում եմ, որ ՍԴ-ն մեծ դերակատարություն ունի այդ մարդկանց նկատմամբ գործած անարդարությունների հարցում: ՍԴ-ի ժամանակին անգործությունը, եթե իրենք իսկապես ունեն սուբյեկտիվ խախտված իրավունքներ, ոչ պակաս կարեւոր դերակատարություն ունի նաեւ հենց իրենց իրավունքների խախտման հարցը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում է ներկայացրել ՍԴ եւ վիճարկում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշումը, Գրիգորյանն ասաց. «Դուք իմ կարծիքը կիմանաք, երբ որ դիմումի ընթացակարգի որեւէ փուլում ես մասնակից կլինեմ գործին: Եթե նման դիմում կա, նշանակում է, որ ընթացակարգ է լինելու եւ դատավորները իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն եւ պետք է արտահայտեն դատական ակտերում»: