Եթե վարչապետը մեկ օրում Սահմանադրություն է փոխում, ինչո՞ւ 3 ամսում մի ավտոբուս չի կարող տրամադրել. Արարատի մարզի բնակիչների բողոքի ակցիան
Եթե վարչապետի իրավասության մեջ մտնում է մեկ օրում Սահմանադրություն փոխել, երկրում ինչ-որ լուրջ փոփոխություններ անել, մի՞թե 3 ամսում մեզ մի ավտոբուս չի կարող տրամադրել` գնանք աշխատանքի: Այս մասին այսօր` հունիսի 25-ին ասացին Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող՝ Արարատի մարզի բնակիչները, ովքեր երկար ժամանակ է, ինչ ունեն տրանսպորտի խնդիր:
«Ամուսին, տուն, երեխա թողել, ընկել ենք իրենց դռները։ Իրանք իրանց նստած տեղերում մենակ արտակարգ դրություն են հայտարարում, էդ արտակարգ դրության ընթացքում մարդիկ ապրել ուզո՞ւմ են, թե՞ չէ, ինչքա՞ն մեզ էսպես պետք է տանեն բերեն»,- ասում են քաղաքացիները:
Ըստ բնակիչների՝ եղել է 35 համարի ավտոբուս, որը բավարարել է մարզի մի քանի համայնքներին, սակայն այժմ այն հանել են, և այսօր բնակիչները կանգնել են լուրջ խնդրի առաջ, չեն կարողանում գնալ աշխատանքի, ինչի պատճառով էլ եկել են քաղաքապետարան՝ խնդրի լուծումը պահանջելու:
«Խնդիրը կարանտինն է»,- ասում է քաղաքացին, - «եթե կարանտին է, ապա թող ամբողջովին փակեն, հիմա ավտոբուսը գալիս հասնում է Արգավանդ ու հետ է դառնում: Բա այդ գյուղերի աշխատող ժողովուրդը ո՞նց պետք է պահի ընտանիքներին»:
Եղել է նաև այլընտրանքային տրանսպորտ, որը քաղաքացիների խոսքով՝ չի բավարարել մարզի համայնքերին. «Սարսափելի է, եթե տեսնեք, թե ինչ վիճակով էին մարդիկ երթևեկում: Մեր ուզածը մի հատ տրանսպորտային միջոց է, մենք ենք վճարելու, հո ձրի չե՞նք ուզում»:
Քաղաքացիներն օրեր առաջ եղել են նաև կառավարության շենքի դիմաց տվյալ խնդրով, սակայն նրանց դիմումը մերժվել է, պատճառաբանել են, որ դա իրենց իրավասությունների մեջ չէ, այլ քաղաքապետարանի, ըստ որի էլ վերջիններս եկել են քաղաքապետարան:
Քաղաքացիներից մի քանիսին ընդունել են այնտեղ, ասել են, որ իրենք պետք է դիմեն մարզպետարան, քանի որ մարզպետարանը պետք է զբաղի մարզում առկա խնդիրներով, այժմ նրանք պետք է օգտվեն 487 համարի տրանսպորտային միջոցից, որից քաղաքացիները դժգոհ են, քանի որ ավելի երկար է երթուղին, դրանից բացի բնակիչները բողոքում են նաև վարորդներից, ովքեր իրենց, խոսքով, քաղաքացիների խոսքով մարդկանց հետ շփվելու էթիկա չգիտեն: