Եվս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Լիլիթ Մակունցի հայտարարությունը՝ առանց անուններ հնչեցնելու
Եվս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ես երեկ ասացի, որ այդ պահի դրությամբ իմ ունեցած տեղեկատվությամբ մեկ պատգամավորի մոտ է հաստատվել կորոնավիրուսը, մյուսների թեստի արդյունքները պետք է ստանայինք։ Եվս մի քանի պատգամավորի մոտ հաստատվել է, բայց նրանց անունները չեմ կարող հրապարակել։ Այսինքն՝ մեկից բացի ևս 3-ի մոտ հաստատվել է»,– ասել է Մակունցը։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունից կորոնավիրուսով են վարակվել նաև Հակոբ Սիմիդյանը, Մխիթար Հայրապետյանը, Արեն Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը։ Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստին այս պատգամավորները չեն մասնակցել։
NEWS.am-ը փորձել է կապ հաստատել այս պատգամավորների հետ, սակայն խմբագրության զանգերն անպատասխան են մնացել:
«Իմ քայլի» մյուս անդամներից փորձելով ճշտել այս լուրը, թե արդյ՞ոք իրենք տեղեկություն ունեն մյուս գործընկերների վերաբերյալ՝ Տաթևիկ Հայրապետյանը նշել է, որ ինքը տեղեկություն չունի, տեղյակ է միայն այն դեպքերից, որոնք հրապարակային ասվել են։
Խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը հարցը ոչ կոռեկտ է համարել և չի ցանկացել խոսել այդ մասին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, ֆեյսբուքյան իրենց էջերում իշխող ուժի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը հաստատել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ «Իմ քայլից» Ծովինար Վարդանյանն էլ NEWS. am -ի հետ զրույցում ասել էր, որ թեստ է հանձնել, սակայն պատասխանը դեռ չկա։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ ևս հաստատվել կորոնավիրուս։ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ երեկ ֆեյսբուքում տեղեկացրեց, որ շփվել է վարակված անձի հետ և ինքնամեկուսացել է։