Եթե լոքդաունը չհանեինք, գուցե մայիսին արդեն փակված կլիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ. Փաշինյան
Մենք մի քանի օր առաջ արձանագրեցինք, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է, սակայն մայիսին դրանից 50 հազարը վերականգնվել է կամ բացվել է: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փաստորեն արձնագրվեց, որ 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են եւ նոր աշխատանք։ չեն գտել: Մենք որոշեցինք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց: Ընդ որում հույս ունենք, որ աշխատատեղերի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի:
Ապրիլին արդեն արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է եւ ինչքան էլ ծանր լիներ, մենք որոշեցինք, որ տնտեսական սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնանք: Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսի արդյունքներով արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Կարեւոր է, որ կարողանանք ի վիճակի լինեն չվերադառնալ լոքդաունի, որովհետեւ դա հանգեցնում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման՝ իրենց տնտեսական ու սոցիալական հետեւանքներով:
Դա նշանակում է, որ նաեւ հարկերի հավաքագրման առումով խնդիրները խորանալ,ինչը կնշանակի, որ խնդիրներ կարող ենք ունենալ այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»,-ասաց նա:
Նշենք, որ կառավարությունը այսօր հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը, որը ենթադրում է աշխատանքը կորցրած քաղաքացիներին միանվագ հատկացնել 68 հազար դրամի աջակցություն: