Ամուսնական զույգը ծանոթությունների կայքի օգտատերերից խաբեությամբ ավելի քան 6 մլն դոլար է կորզել
Նյու Ջերսիից ամուսնական զույգին հանցավոր, «ռոմանտիկ» սխեմային մասնակցելու մեղադրանք է առաջադրվել։ Դրա օգնությամբ նրանք խաբեությամբ 30-ից ավելի զոհերից ավելի քան 6 միլիոն դոլար են կորզել, հայտնում է Associated Press-ը:
Ըստ դաշնային դատախազության նյութերի՝ 31-ամյա Մարտինս Ինալեգուն եւ 24-ամյա Սթեյնսի Մաթյուն կեղծ պրոֆիլներ են բացել ծանոթությունների կայքերում, ծանոթացել զոհերի հետ եւ նրանցից խոշոր գումարներ շորթել:
Զույգը հիմնականում շահույթը ծախսել է անձնական կարիքների համար, փողերի մի մասը փոխանցվել է նրանց բանկային հաշիվներին, իսկ մնացած մասը՝ նրանց հանցակիցների հաշիվներին՝ Թուրքիայում եւ Նիգերիայում։
Հանցագործությունն իրականացվել է հետեւյալ սխեմայով՝ հանցագործները ծանոթության կայքերում ծանոթացել են իրենց զոհերի հետ, այնուհետեւ նրանց հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ են մտել, իսկ որոշ ժամանակ անց այս կամ այն չափազանց կարեւոր պատճառով գումար են խնդրել իրենց կամ իրենց հարազատների համար:
Խարդախությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերից եւ շարունակվել մինչեւ այս տարվա մայիս: