«Նրանցից որևէ մեկի մոտ սիմպտոմներ չեն եղել». Մակունցը՝ կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին
Այո, «Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսով վարակված անձինք կան, ինչ վերաբերում է խորհրարանի աշխատանքներին, ապա անում ենք առավելագույնը, որպեսզի որեւէ կերպ այն չխոչնդոտվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Դիտարկմանը, որ այդ պատգամավորները մասնակցել են ԱԺ վերջին նիստերին, քվեարկություններին, Մակունցն ասաց. «Այս պահին իմ ունեցած տվյալներով դեռեւս կա մեկ հաստատված դեպք, մյուսները դեռ չեն հաստատվել, չգիտեմ՝ կհաստատվեն թե ոչ: Եթե հիպոթետիկ ընդունենք, որ այդպես կլինի, դա որեւէ կերպ այս պահին չի խանգարի խորհրդարանի աշխատանքներին: Ի դեպ, նրանցից որեւէ մեկի մոտ սիմպտոմներ չեն եղել»:
Նա նշեց, որ այս պահին մնացած պատգամավորները չեն թեստավորվել, եթե լինի ցուցում թեստավորվելու, կթեստավորվեն: