Քրիստին Լագարդը հայտարարել է եվրագոտու տնտեսության «աննախադեպ անկման» մասին
Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը ԵՄ ղեկավարներին հայտարարել է, որ եվրագոտու տնտեսությունն «աննախադեպ անկում» է ապրում, եւ ԵՄ-ին կոչ է արել գործել՝ վերականգնումն արագացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Ուրբաթ ԵՄ առաջնորդները վիդեոնֆերանս են անցկացրել՝ ճգնաժամից հետո վերականգնման ուղիները քննարկելու համար: «ԵՄ տնտեսությունը աննախադեպ անկում է ապրում»,- Լագարդի խոսքերը մեջբերում են աղբյուրները:
Լագարդը նշել է, որ եվրագոտու տնտեսությունը երկրորդ եռամսյակում կարող է մոտ 13 տոկոսով «կտրուկ անկում» ցույց տալ եւ կրկնել է ԵԿԲ-ի կանխատեսումները՝ 2020 թվականին ՀՆԱ-ի 8.7 տոկոս անկման եւ 2021 թվականին 5.2 տոկոս աճի մասին: Ըստ նրա՝ աշխատաշուկայի համար ԵՄ-ի տնտեսական վատթարացման հետեւանքները դեռ լիովին չեն դրսեւորվել, եւ գործազրկության մակարդակը եվրագոտում կարող է հասնել 10 տոկոսի:
Լագարդն առաջնորդներին կոչ է արել արագ համաձայնության գալ տնտեսական վերականգնումն արագացնելու ծրագրի շուրջ եւ ասել է, որ ֆինանսական շուկաները համեմատաբար հանգիստ են այն ակնկալիքների պատճառով, որ դաշինքը կգործի, որպեսզի ցույց տա, որ ԵՄ-ն «կրկին գործի մեջ է», հայտնել են աղբյուրները: