Ավստրալիայում մարգարեական երազը տղամարդուն միլիոնատեր է դարձրել
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաքի արվարձանի բնակիչը պնդում է, որ մարգարեական երազն իրեն միլիոնատեր է դարձրել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Lott կայքը:
Ավստրալացին գնել էր TattsLotto խաղարկության վիճակախաղի տոմս, որը պետք է տեղի ունենար շաբաթ՝ հունիսի 13-ին, եւ դրա մասին մոռացել էր: «Դա այնքան տարօրինակ էր,- պատմում է նա: - Կիրակի լույս գիշերը երազ տեսա, որ վիճակախաղում շահել եմ, իսկ դրամական մրցանակը ծախսել ընտանիքիս համար այգու բարեկարգման վրա»: Նա առավոտյան արթնանալով՝ երազը վերապատմել է կնոջը: Նա անմիջապես հարցրել է՝ ստուգե՞լ է արդյոք իր տոմսը: «Ես իսպառ մոռացել էի դրա մասին»,- շեշտել է նա:
«Ես հավելվածում նայեցի շահած համադրությունը եւ սկսեցի համեմատել իմ տոմսի հետ: Երբ տոմսի վրա 6-րդ թիվը նայեցի, մտածեցի, որ կարող էի սխալվել: Ես ստուգեցի, հետո նորից վերստուգեցի,- հիշում է նա: - Միայն այդ ժամանակ հասկացա, որ երազս մարգարեական էր»: Մրցանակի գումարը կազմել է 1,2 մլն ավստրալական դոլար:
Նա նշել է, որ ինչպես եւ երազում, անպայման կօգնի ընտանիքին այգու բարեկարգման գործում: «Ավելի լավ է հետեւեմ ծրագրին, որը երազում էի տեսել,- կատակել է հաջողակ ավստրալացին: - Ես մի փոքր գարեջուր եմ պաշարել, այնպես որ՝ հանգստյան օրերին կնշեմ այս իրադարձությունը: Իսկ երբ դրամական մրցանակը ստացվի իմ հաշվին, ես կրկին կտոնեմ»: