Սինգապուրում հունիսի 19-ից կբացվեն ռեստորաններն ու խանութները
Սինգապուրում հունիսի 19-ից կբացվեն ռեստորաններն ու խանութները, ինչպես նաեւ կթույլատրվեն մինչեւ հինգ մարդու մասնակցությամբ ոչ մեծ հավաքները։ Սոցիալական հեռավորության պահանջները ուժի մեջ կմնան, հայտնում է Reuters-ը։
Սինգապուրն Ասիայում կորոնավիրուսով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի՝ ավելի քան 40 000 դեպք՝ աշխատող-միգրանտների հանրակացարաններում զանգվածային բռնկումների պատճառով։ Հունիսի սկզբին Սինգապուրում աշխատանքներն են վերսկսել դպրոցներն ու որոշ հաստատություններ։ Երկուշաբթի օրը կառավարությունը հայտարարել է, որ հիվանդության դեպքերի թիվը նշված հանրակացարաններում նվազել է։ Հանրակացարաններից դուրս դեպքերը նույնպես կայուն են մնում։
«Սահմանափակելով մարդկանց միջեւ սերտ շփումները՝ հիգիենայի եւ անվտանգ կառավարման սկզբունքների պահպանմամբ մենք կարող ենք վերսկսել ավելի շատ միջոցառումներ՝ առանց նոր վարակների վտանգն էապես մեծացնելու»,- հայտարարել են առողջապահության նախարարությունում:
Առեւտրի կենտրոնները, մարզադահլիճները, զբոսայգիները եւ լողափերը բացվող հաստատությունների ցանկում են, սակայն կրոնական համայնքներին, բարերին, թատրոններին եւ լայնամասշտաբ միջոցառումներին դեռեւս թույլ չեն տա վերսկսել գործունեությունը։