Լեհաստանի նախագահ. ԼԳԲՏ-ի քարոզը կոմունիզմից վատ է
Դուդան հայտարարել է, որ «ծնողներն են պատասխանատվություն կրում իրենց զավակների սեքսուալ դաստիրակության համար» եւ ոչ մի կազմակերպություն չի կարող միջամտել դաստիարակությանը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր նախընտրական խոսքի ժամանակ ԼԳԲՏ-ի «գաղափարախոսությունն» ավելի ավերիչ է համարել, քան կոմունիզմը, հայտնում է BBC-ն:
Նախագահական ընտրություններում Դուդայի գլխավոր մրցակիցներից մեկը, Վարշավայի լիբերալ քաղաքապետ Ռաֆալ Տշասկոսկին պահպանողականների կողմից քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ Վարշավայի դպրոցներում թույլատրել էր քննարկել ԼԳԲՏ հարցերը:
Բժեգում ելույթ ունենալիս Անջեյ Դուդան ասել է. «Իմ ծնողների սերունդը 40 տարվա ընթացքում պայքարել է դպրոցներից կոմունիստական գաղափարախոսության դուրս մղմանը, որպեսզի հնարավոր չլինի այն փաթաթել երեխաներին, չլվանան նրանց ուղեղները»:
«Նրանք չեն պայքարել, որ մենք ընդունենք այն, որ կգա մեկ ուրիշ գաղափարախոսություն, առավել ավերիչ մարդու համար, գաղափարախոսություն, որը հարգանքի եւ հանդուրժողականության տակ թաքցնում է խորը անհանդուրժողականություն»,-հայտարարել է Դուդան:
Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ծնողներն են պատասխանատվություն կրում իրենց երեխաների դաստիարակության համար եւ ոչ մի կազմակերպություն չի կարող միջամտել, թե ինչպես են ծնողները դաստիարակում իրենց երեխաներին:
Հունիսի 10-ին Դուդան ստորագրել է նախընտրական առաջարկությունների Ընտանեկան խարտիան, այդ թվում եւ միասեռ զույգերին որդեգրումն ու դպրոցներում ԼԳԲՏ հարցերի դասավանդումն արգելելը: