Իսրայելը սկսում է Թրամփի պատվին բնակավայրը կառուցելու «գործնական քայլերի» իրագործումը․ Նեթանյահու
Հունիսի 14-ից Իսրայելը կսկսի Գոլանյան բարձունքներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին բնակավայր կառուցելու «գործնական քայլերի» իրականացումը։ Այդ մասին կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք սկսում ենք գործնական քայլերն՝ ուղղված Ռամաթ-Թրամփ բնակավայրի ստեղծմանը Գոլանյան բարձունքներում, որի ինքնավարությունը ճանաչվել էր նախագահ Թրամփի կողմից»,-հայտարարել է Նեթանյահուն։ 2019 թվականին նա հայտնել էր Գոլանյան բարձունքներում Ամերիկայի առաջնորդի պատվին բնակավայրի համար տարածք հատկացնելու մասին, իսկ նույն թվականի հունիսի 16-ին անցումային կառավարության հատուկ արտագնա նիստի ժամանակ այնտեղ ցուցանակ էր կախել «Ռամաթ-Թրամփ» անունով։
2019 թվականի մարտի 25-ին Վաշինգտոնում Նեթանյահուի հետ բանակցությունների շրջանակում Թրամփը ստորագրել էր փաստաթուղթ Գոլանյան բարձունքներում Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու մասին։ Այդպիսի միակողմանի գործողությունների դեմ էին արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի մյուս երկրները, այլ նաեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ եվրոպական առանցքային գերտերություններն ու ԱՄՆ դաշնակիցները՝ ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան։ 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանները զավթել էր Իսրայելը 1967 թվականի վեցօրյա պատերազմի ընթացքում, 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունել էր օրենք «Գոլանյան բարձունքների մասին», որում միակողմանի կարգով հռչակվել էր հրեական պետության ինքնավարությունն այդ տարածքում։ Այդ անեքսիան ճանաչվել էր որպես անօրինական ՄԱԿ-ի ԱԽ 497 բանաձեւի կողմից 1981 թվականին։
Երկրորդ կրկնակի ընտրությունների արդյունքում Նեթանյահուին հաջողվել էր ձեւավորել նոր կառավարություն միայն 2020 թվականի մայիսին, իսկ մինչ այդ նա գլխավորում էր անցումային կառավարությունը, որի իրավասությունների շրջանակում էր նոր բնակավայրերի հաստատումը, նշում է Haaretz-ը։