Հունիսի 12-ին հայտնաբերվել է իրավախախտման 1272 դեպք․ ոստիկանություն
Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 31588 արձանագրություն, իսկ հունիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1272 դեպք։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
«Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասված է ծառայության հաղորդագրությունում։