ԱԱՀ-ի շնորհիվ Հայաստանին հաջողվել է 506.5 մլրդ դրամ ներգրավել պետական բյուջե. ՀՀ ֆիննախ
2019-ին հարկային եկամուտների շնորհիվ հնարավոր է եղել 206 միլիարդ դրամով ավելի շատ միջոցներ ներգրավել պետական բյուջե, քան 2018-ին, ինչն ավել էր 16.4 տոկոսով: Այս մասին մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ հարկային եկամուտների մասով զգալի մասնաբաժինը կազմել է ավելացված արժեքի հարկը՝ 506,5 միլիարդ դրամ: «Հաջորդն իր նշանակությամբ եւ չափով եկամտահարկն է, որից հասույթը մոտ 441 միլիարդ դրամ է կազմել, այնուհետեւ արդեն շահութահարկը՝ շուրջ 234 միլիարդ դրամ»,- ասաց Ջանջուղազյանը: