Երկամսյա կարանտինը օգուտ է բերել Կիպրոսի շրջակա միջավայրին
Կիպրոսում հետազոտողները ավելի շատ ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ երկամսյա կարանտինը օգուտ է բերել կղզի-պետության շրջակա միջավայրին, հայտնում է AP-ը:
Նախնական արդյունքները ցույց են տվել փետրվար-ապրիլ ժամանակահատվածում Նիկոսիայում ածխածնի երկօքսիդի եւ ազոտի երկօքսիդների մակարդակների զգալի նվազում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Երկու աղտոտիչները արտադրվում են հանածո վառելիք օգտագործելիս:
Կիպրոսի ինստիտուտի Կլիմայի եւ մթնոլորտի կենտրոնի ուսումնասիրության համաձայն, ածխածնի երկօքսիդի մակարդակը փողոցում եւ արվարձաններում, համապատասխանաբար, նվազել է 28%-ով եւ 23%-ով: Ազոտի օքսիդի մակարդակը, համապատասխանաբար, նվազել է 57%-ով եւ 67%-ով:
Մարտից մայիս ընկած ժամանակահատվածում Կիպրոսի քաղաքների փողոցները դատարկված էին՝ տանը մնալու եւ պարետային ժամի հրահանգների պատճառով:
Վերջերս կատարված հետազոտությունը, որի համահեղինակն է Կիպրոսի ինստիտուտի պրոֆեսոր Յոս Լելիվելդը, ուսումնասիրել է COVID-19-ի պատճառով կարանտինի ընթացքում աղտոտվածության նվազումը եւ ցույց է տվել, որ մայիսի կեսերին 34 երկրներում կանխվել է 50 000 վաղաժամ մահ եւ մոտ 90 000 շտապօգնության այցեր՝ մանկական ասթմայի համար:
2019-ին անցկացված հետազոտությունը, որի համահեղինակը նույնպես Լելիվելդն է, ցույց է տվել, որ գրեթե 800 000 մարդ (1100-ը՝ Կիպրոսում) Եվրոպայում ամեն տարի վաղաժամ մահանում է կեղտոտ օդի պատճառով, եւ որ յուրաքանչյուր մարդու կյանքը դրա ապատճառով կրճատվում է միջինը ավելի քան երկու տարով:
Օդի աղտոտումը կարող է առաջացնել շնչառական եւ սրտանոթային հիվանդություններ, ինչպես նաեւ՝ վաղաժամ մահ: