«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր
վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական
մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ
կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին
մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության և
այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից
երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և
սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի
շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:
Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից
պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաև ցերեկային ստացիոնար բուժում
ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա և ավելի ստացիոնար բուժում ստանալու
վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների կողմից ներկայացված
տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝ պետությանը պատճառելով էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154.775.080 ՀՀ դրամի վնաս: