ԱՐՄԵՆԱԼ-ն ավարտեց փակ ջրապտույտի համակարգի ներդրումը
Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է) լիակատար անցում կատարեց փակ ջրապտույտի համակարգին, որի շնորհիվ ձեռնարկության ջրօգտագործումը կրճատվեց գրեթե 90%:
Տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում երկու նոր ջրահովարանների գործարկումն ապահովեց տեխնիկական ջրով բոլոր գլանման հաստոնները և ճնշակային տնտեսությունը: Երկու համանման ջրահովարաններն արդեն կիրառվում են ձուլավառարանների և անձույլ գլանման հոսքագծերի համար:
- Փակ ջրապտույտի նախագիծն ԱՐՄԵՆԱԼ-ում վերջին տարիներին իրականացված ամենանշանակալի գործերից է: Այն ապահովում է արտադրության 100%-ոց պաշտպանությունը ջրամատակարարման արտաքին խափանումներից՝ նվազագույնի հասցնելով տեխնիկական ջրի սպառումը, - հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:
Մշակման փուլում իրականացված նախագիծը քննարկվել է բաց լսումների ընթացքում բնության պահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց արդյունքում տրվել է շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱԳ) դրական գնահատական: