Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շահառուները դեռ ժամանակ ունեն դիմումներ ներկայացնելու. Արթուր Մանուկյան
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառումն ավարտվել է մայիսի 10-ին, որի 14964 շահառուներից դիմումներ են ներկայացրել 13956-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նշենք, որ այս միջոցառման շահռուներ են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ունեցել են 2-50 աշխատակից, և այս տարվա առաջին երեք ամիսներին ոչ մի աշխատակցի աշխատանքից չեն ազատել և չեն նվազեցրել աշխատավարձի ֆոնդը:
Նրանք ստացել են աջակցություն յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի աշխատավարձի չափով:
«Աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,2 մլրդ դրամ: Բոլոր գումարները վճարված են: Այս սուբյեկտների աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 78 530 վարձու աշխատողներ: Սա ներառում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Նա անդրադարձավ նաև 18-րդ միջոցառմանը, որը 5-րդ միջոցառման շարունակությունն է: Այս դեպքում շահառու են հանդիսացել մինչև 100 աշխատող ունեցող տնտեսվարողները: «18-րդ միջոցառման շահառուների թիվը եղել է 12227 է, որից այս պահի դրությամբ դիմումներ ներկայացրել են 9248-ը: Վճարվել է 1,7 մլրդ դրամի աջակցության գումար: Աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 52155 վարձու աշխատողներ:
Այս ծրագիրը դեռ չի ավարտվել, դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 10-ն է»,-ասաց Արթուր Մանուկյանը:
Նա նաև հավելեց, որ բազմաթիվ տնտեսվարողներ կան, որ օգտվել են թե 5-րդ, թե 18-րդ միջոցառումներից, այդտեղ անօրինական ոչինչ չկա, այդպես է նախատեսված եղել: