ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել
Առնվազն 11 մարդ է զոհվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով KTLA-ն:
Զոհերը Չիկագոյի (Իլինոյս), Դեթրոյթի (Միչիգան), Օմահայի (Նեբրասկա), Դեվենպորտի (Այովա), Օքլենդի (Կալիֆորնիա) եւ Լուիիսվիլի (Կենտուկի) բնակիչներն են: Մահացածների մեծ մասը աֆրոամերիկացիներ են:
Օքլենդում սպանվել է անվտանգության դաշնային ծառայության 53-ամյա սեւամորթ աշխատակից Դեյվ Պատրիկ Անդերվուդը, նրա գործընկերը ծանր վիրավորվել է: Օմահայում 22-ամյա սեւամորթ Ջեյմս Սքարլոքը սպանվել է, երբ մի խումբ հանցակիցների հետ ծեծի էր ենթարկում սպիտակամորթ տղամարդուն: Ծեծի ընթացքում վերջինիս հաջողվել է հանել ատրճանակաը եւ կրակել նրա վրա: Հեռուստաալիքը հայտնում է նաեւ հարյուրավոր տուժածների մասին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռ հնարավոր չէ պարզել:
Associated Press գործակալության վերջին գնահատականների համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ում բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում մոտ 4.4 հազար մարդ է ձերբակալվել: Նրանց, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել թալանի, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու համար: