Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են)
2. վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
3. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
4. բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ
5. անձնագրի պատճենը,
6. ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
7. բժշկական տեղեկանք /հավելված/ (անգլերեն լեզվով),
8. 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
9. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է 1-9-րդ կետերով պահանջվող փաթեթը ներկայացնեն առցանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի հունիսի 15-ը։
Մրցույթում հաղթող ճանաչված դիմորդները պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն 2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ քաղաքացիների գործուղումը Վրաստան կիրականացվի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո՝ վրացական կողմի հետ համաձայնեցված ժամկետներում։
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Վրաստանի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսման տարեկան վարձավճարը չպետք է գերազանցի 2250 վրացական լարի: Ամսական կրթաթոշակը կազմում է 300 վրացական լարի: Վրացական կողմի բարձրագույն ուսումնական հաստատության նպատակահարմարության պարագայում մրցույթի հաղթողների համար Վրաստանում կարող է կազմակերպվել գիտելիքների ստուգում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ՀՀ ԿԳՄՍՆ, ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.+374 10-599-644)։
Մանրամասն՝ այստեղ: