«Մեդիա պաշտպանը» կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին
Վարչապետ Փաշինյանի հետ շփում ունեցած լրագրողների թեստավորումը նրանց անվտանգ աշխատանքը շարունակելու հիմնական պայմանն է։ Այս մասին նշված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության Ֆեյսբուքյան էջում։
«Մեդիա պաշտպանը» հիշեցնում է, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։
«Նախաձեռնությունն առողջություն է մաղթում վարչապետին, նրա ընտանիքին և բոլոր վարակվածներին։ Վարչապետը անցյալ 14 օրում ակտիվ գործունեություն է ծավալել, ինչը, փաստացի, նշանակում է, որ շատ լրագրողներ այս պահին գտնվում են ռիսկային գոտում», գրել է «Մեդիա պաշտպանը» եւ կոչ արել թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք շփում են ունեցել վարչապետի հետ կամ վերջինիս հետ շփում ունեցած մարդկանց հետ։
«Սա լրագրողների անվտանգ աշխատանքը շարունակելու հիմնական պայմանն է», նշված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հաղորդագրությունում։