Հյուսիսային Կորեայում սաստիկ ճգնաժամ է՝ կորոնավիրուսի պատճառով
Հյուսիսային Կորեան, աշխարհի ամենափակ պետություններից մեկը, հայտնվել է ծանր տնտեսական ճգնաժամի մեջ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով, գրում է Financial Times-ը:
Ինչպես հայտնում է Daily NK լրատվական գործակալությունը և Fitch վարկանիշային գործակալությունը, Փհենյանը, 17 տարվա մեջ առաջին անգամ, պատրաստվում է պարտատոմսեր թողարկել: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տեղի հարուստ էլիտայից պահանջում է գնել պարտատոմսերը և այդպիսով նախատեսում է արտարժույթ ներգրավել՝ երկրի բյուջեի 60 տոկոսը ֆինանսավորելու համար, գրում է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետներին: Ամերիկյան Foreign Policy Research Institute վերլուծական կենտրոնի աշխատակից Բենջամին Սիլբերստեյնի խոսքով, կառավարությունը պարտատոմսերի ձեռքբերումը ներկայացնում է որպես ռեժիմին հավատարմության դրսևորում:
«Սա (պարտատոմսերի թողարկումը) առաջին իրական նշանն է, որ նրանք բախվել են զգալի ֆինանսական խնդիրների՝ պատժամիջոցների և վիրուսի պատճառով»,- ասել է Վիեննայի համալսարանի Հյուսիսային Կորեայի գծով փորձագետ Փիթեր Ուորդը: Նա հավելել է, որ նման պարտատոմսերի սեփականատերերին փոխառված միջոցների վերադարձի երաշխիք չկա:
Fitch վարկանիշային գործակալության գնահատմամբ, Հյուսիսային Կորեայի տնտեսությունը 2020 թ.-ին կնվազի 6 տոկոսով: Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրում տնտեսական անկումը սկսվել է դեռ 2018-2019 թվականներին՝ պատժամիջոցների և երաշտների արդյունքում: