Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը՝ պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քր.օր. 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:
Այս մասին Facebook-ի իր էջում նշել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 24-ին բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:
Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որից պարզ էր դառնում, որ տեղի է ունեցել անձի առեւանգում, ծեծկռտուք, որին առնչություն ունի Քաջարանի համայնքապետը: