Ընդամենը 2,5 տարի գոյատեւեց, բայց Հայոց պետականության վերականգնման ուղին արդեն բացված էր. «Ժառանգություն»
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը. Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մայիսի 26-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետությունը փլուզվել էր, հայկական կամավորական ջոկատները՝ համազգային ուժ դարձած մշակների, մտավորականների եւ հոգեւորականների հետ, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի ճակատամարտերում մահու եւ կենաց կռիվ էին մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ՝ կայացնելով մեր անկախ պետականությունը, ու հաղթեցինք: Ընդամենը երկուս ու կես տարի գոյատեւեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, բայց Հայոց պետականության վերականգնման ուղին արդեն բացված էր, ինքնիշխանության ժառանգորդական շղթան՝ վերականգնված:
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է մեր Առաջին Հանրապետության տոնը Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս աշխարհի: Առաջին Հանրապետությունը մեր հավաքական անխորտակ ուժի պատմական հաղթանակն էր:
«Ժառանգությունը» համոզված է, որ պիտի լինենք հավատարիմ եւ արժանի ժառանգները մայիսյան հերոսամարտերում հաղթած մեր նվիրյալ նախնիների: Մեր պատմության փառավոր էջերը մեզ ուժ ու կորով են հաղորդում՝ կերտելու ներկան ու գալիքը Հայոց ինքնիշխան, ժողովրդավար ու միացյալ պետականության»: