Այսօր կեսօրին լարված իրավիճակ էր Կապանում
Կապանում ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին։ Վերջինները քաջարանցիներ են, նրանց տարել են Կապան՝ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։
Հավաքվածները պնդում էին, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք՝ վախենալով, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում էին, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն։
Ոստիկանությունը փորձում էր Ժամը 15:00-ից 16:00 ընկած ժամանակահտվածում քաղաքացիներին հանդարտեցնել և իրականացնել տեղափոխումը:
Ըստ տեղեկությունների` ձերբակալումների նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։