Կիմ Չեն Ընն առաջին անգամ ներկայացել է հանրության առջև երեք շաբաթ տևողությամբ դադարից հետո
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը անցկացրել է Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական ռազմական կոմիտեի նիստ, հաղորդում է ՌԲԿ-ն։
Bloomberg-ը նշում է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացել էր հանրության առջեւ առաջին անգամ։
Նիստի մասնակիցներն առաջարկել էին նոր ռազմավարություն միջուկային զսպումն ամրապնդելու համար։ Չի մանրամասնվել, թե հատկապես ինչն է ընկած դրա հիմքում։ Բացի այդ, դիտարկվել են կարեւորագույն միջոցներ Կորեական ժողովրդական բանակի հրետանում հզորությունը բարձրացնելու շուրջ։ Նիստի արդյունքում Կիմ Չեն Ընը ստորագրել է յոթ փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմական հրամանատարության կառուցվածքի վերակազմակերպման մասին հրամաններ։
ԿԺԴՀ առաջնորդի 3-շաբաթյա բացակայությանն ուշադրություն են դարձրել Հարավային Կորեայի իշխանությունները։ Կիմ Չեն Ընը չէր ներկայացել հանրության առաջ հունվարին եւս 21 օր տեւողությամբ, այնուհետեւ երկար ժամանակով անհետացել էր ԶԼՄ-ների տեսադաշտից ապրիլին։ Հարավկորեական, ամերիկյան եւ ճապոնական ԶԼՄ-ները կապել էին դա Կիմ Չեն Ընի վատ ինքնազգացողության հետ վիրահատության հետեւանքով։
Ավելի ուշ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտարարել էր, որ վիրահատության մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ԿԺԴՀ առաջնորդը կարող էր երկար ժամանակ բացակայել ներքին հարցերի շուրջ աշխատանքի համար, որոնք նաեւ վերաբերում են կորոնավիրուսի համավարակին։