Կորոնավիրուսի համավարակի պատճառով Թրամփը կարող է «պատմական» պարտություն կրել ընտրություններում․ Oxford Economics
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է «պատմական» պարտություն կրել 2020թ․ նոյեմբերի ընտրություններում, ենթադրում է Oxford Economics վերլուծական ընկերությունը։ ԱՄՆ-ում անբարենպաստ տնտեսական իրավիճակի հետեւանքով երկու մոդելները, որոնցով ընկերության փորձագետները կանխատեսել են նախագահական ընտրությունների արդյունքները, ցույց են տալիս Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակ, հայտնում է DW-ն։
Ընդ որում, վերլուծաբանները նշում են, որ որորշիչ դեր կարող են խաղալ ընտրողների մասնակցությունը եւ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացումը։
Առաջին մոդելի համաձայն, աշնանը ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կգերազանցի 13%-ը, իսկ մեկ հոգուն ընկնող միջին եկամուտը կընկնի մոտավորապես 6%-ով՝ համեմատած անցյալ տարվա ցուցանիշի հետ, հայտնում է CNN-ը, որը ծանոթացել է վերլուծաբանների զեկույցին։ Այսպիսով, ամերիկյան տնտեսության վիճակը կմնա ամենավատը անցյալ դարի 20-ական թվականների վերջի եւ 30-ականների սկզբի Մեծ դեպրեսիայից հետո, եզրափակում է Oxford Economics-ը։
Հաջորդ մոդելը առանձին-առանձին դիտարկում է յուրաքանչյուր նահանգում իրավիճակը։ Դրա հիման վրա փորձագետները ենթադրում են, որ յոթ նահանգներ, որտեղ նախկինում Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները ակտիվ պայքար էին մղում, կանցնեն դեմոկրատների կողմը։ Խոսքը Այովայի, Վիսկոնսինի, Միչիգանի, Փենսիլվանիայի, Օհայոյի, Միսուրիի եւ Հյուսիսային Կարոլինայի մասին է, որոնց, ըստ վերլուծաբանների, հատկապես ուժեղ կառնչվեն համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական անկումը եւ գործազրկությունը։
Առաջին մոդելի օգնությամբ, սկսած 1948 թվականից, բացառությամբ՝ 1968-ի եւ 1976-ի, միշտ ճիշտ են կանխատեսվել ԱՄՆ նախագահի բոլոր ընտրությունների արդյունքները։ Երկրորդ մոդելը մշակվել է 2019-ին։ Եթե այն նախկինում կիրառվեր, ապա ճիշտ կկանխատեսեր ԱՄՆ նախագահի 2016-ի եւ 1980-ից երկրում անցկացված ինը քվեարկություններից յոթի արդյունքները։
Կամավորների Worldometers միջազգային խմբի տվյալներով՝ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով (ավելի քան 1,5 մլն) եւ մահվան ելքերով (մոտ 95 000)։