Եթե սահմանափակումները շարունակեն գործել, որոշ ժամանակից ստիպված կլինենք նորից փակվել․ մարզասրահի տնօրեն
Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումներից հետո իրենց գործունեությունը վերսկսած մարզասրահները դժգոհ են պարետի որոշմամբ սահմանված նոր կանոններից։
«Սպորտային համազգեստով հանդերաձարանի եւ լոգարաններից օգտվելու իրավունք չունեն, ինչն իր խնդիրներն է ստեղծում։ Հատկապես հանդերձարաններից չօգտվելու հանգամանքը շատ է խանգարում հաճախորդներին, որ գան մարզվելու։ Հաճախորդների 70 տոկոսը գալիս է տրանսպորտով եւ չեն կարող մարզումներից հետո քրտնած հասարական տրանսպորտով հետ գնալ։ Իսկ մեր հարցումները ցույց են տալիս, որ միայն 5 տոկոսն է գալիս անձնական ավտոմեքենայով»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Լեդի ֆիթնես» մարզասրահի տնօրեն Վարդան Ստեփանյանը։
Ըստ մարզասրահի տնօրենի՝ իր բիզնեսը փոքր է, ընդամենը մի քանի աշխատող ունի, այդ իսկ պատճառով կարող է որոշ ժամանակ սակավաթիվ հաճախորդներով աշխատել, սակայն եթե այդպես շարունակվի, չի բացառում, որ մեծ մարզասրահների պես, որոնք փակ են մնացել սահմանափակումների պատճառով, ինքն էլ դադարեցնի աշխատանքը։
«Եթե սահմանափակումները շարունակեն գործել, հաճախորդներին չթույլատրեն օգտվել հանդերձարաններից, որոշ ժամանակից ստիպված կլինենք փակվել նորից, քանի որ ինչքան էլ հաճախորդների կողմից հետաքրքրությունը կա, նրանց 90 տոկոսը նոր կանոնների պատճառով չի գալիս»,- նշեց նա։
Մարզասրահի մի քանի հաճախորդներն էլ անհնար են համարում մարզվելու ժամանակ դիմակով եւ ձեռնոցով փակ տարածքներում գտնվելու պահանջը պահպանելը։
«Պարապմունքի ընթացքում հնարավոր չի կրել դիմակ ու ձեռնոց։ Երթուղայինների մեջ է անգամ դժվար, չես կարողանում նույնիսկ շնչել, ձեռնոցներով շոգեխաշվելով ենք գնում գալիս։ Նաեւ հնարավոր չի եւ ճիշտ չի նույն հագուստով գալ գնալ։ Դա ավելի շուտ կհանգեցնի թոքաբորբ»,- նշեց նա։