«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման համար խոչընդոտների ստեղծումը կարող է հանգեցնել Եվրոպայի համար գազի գնի աճի․ Լավրով
«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման համար խոչընդոտների ստեղծումը կարող է հանգեցնել Եվրոպայի համար գազի գնի աճի, մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այսպես է նա մեկնաբանել խողովակաշարի շինարարության թույլտվության Դանիայի կողմից հնարավոր վերանայման մասին հաղորդագրությունները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ դա չի ազդի նախագծի իրականացման վրա, եւ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարաությունը կավարտվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը տարատեսակ իրավական գործիքներ ունի խողովակաշարի շուրջ իրավիճակի լուծման համար։ «Փորձագետները, կրկնում եմ՝ դա նրանց կարծիքն է, բոլորը համամիտ են, որ գործնականում իրավական հակամարտության լուծման բոլոր այս տարբերակները կհանգեցնեն գազի թանկացմանը վերջնական սպառողների համար, Եվրոպական միության քաղաքացիների համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը վստահ է, որ հարցը կլուծվի իրավական դաշտում, թեեւ նախագծի շուրջ արդեն եղել են «ոչ քիչ քաղաքականացված որոշումնր»։
Լավրովը նաեւ ընդգծել է, որ խողովակաշարի հետ կապված իրավիճակը չի ազդի Մոսկվայի եւ Կոպենհագենի հարաբերությունների վրա, որոնք արդեն «վաղուց այն վիճակում են, որ այժմ է»։ Ռուսաստանը պատրաստ է խոսել Դանիայի հետ ցանկացած հարցերով, որոնք մտահոգություն են առաջացնում, հավելել է ՌԴ արտգործնախարարը։