Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկները, նրա ինքնագրով, աճուրդում վաճառվել են 560 000 դոլար ռեկորդային գնով
Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկները, նրա ինքնագրով, 560 000 դոլար ռեկորդային գնով վաճառվել են Sotheby’s աճուրդում։ Air Jordan1s անվանումով կոշիկի զույգը ստեղծվել է հատուկ բասկետբոլիստի համար՝ 1985 թվականին, երբ նա հանդես էր գալիս NBA-ի «Չիկագո բուլզ» թիմի կողմից, հայտնում է Reuters-ը։
Ինչպես Ջորդանի սպորտային կոշիկների մեծ մասը, այդ զույգը տարբեր չափսերի է՝ ձախը 47, աջը՝ 47,5:
Կոշիկներն աճուրդի դրել է կոլեկցիոներ Ջորդան Հելլերը, ով բացել է սպորտային կոշիկների աշխարհում առաջին Shoezeum թանգարանը։
Ինտերնետ-սակարկումներին մասնակցել են վեց երկրներ՝ չորս մայրցամաքներից։ Կազմակերպիչները չէին ակնկալում կոշիկների համար 150 000 դոլարից ավելի ստանալ։ Sotheby’s-ի թվային դեպարտամենտի տնօրեն Բրեմ Ուոթչերը պատմել է, որ պայքարը տեւել է բառացիորեն մինչեւ սակարկումների ավարտը, իսկ վերջին ժամվա ընթացքում գումարը կրկնապատկվել է։
Վերջնական գինը ամենաբարձրն է դարձել Sotheby’s աճուրդում վաճառված սպորտային կոշիների համար։ Նախորդ ռեկորդը կազմել էր 437 500 դոլար, այդքան էին վճարել Moon Shoe սպորտային կոշիկների համար, որոնք 1972 արտադրվել էին Nike ընկերության կողմից։
Air Jordan-ը այն անունն է, որ մարզիկը ստացել է իր բացառիկ թռչկոտության համար։