Ես որպես հանձնաժողովի նախագահ մի քանի հարց ունեմ ուղղելու Բակո Սահակյանին. Անդրանիկ Քոչարյան
Բնականաբար, եթե մենք մարդուն կանչում ենք երկրորդ անգամ, դա նշանակում է, որ մեզ մոտ վերլուծությունների արդյունքում առաջացել են հարցեր, որոնք մենք պետք է կարողանայինք ճշտել, կարծես մեզ հաջողվեց ճշտել շատ հանգամանքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ հանձնաժողովը երկրորդ անգամ հրավիրել էր 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդը հանձնաժողովը հրավիրել է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին, վերջինս տվել է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին. «Հիմա աշխատում ենք ձեւաչափի ուղղությամբ, ժամկետները կլինի կամ մայիսի 26-ին, կամ 27-ին»:
Հարցին, թե արդյոք հրավիրելու են նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Քոչարյանը պատասխանեց. «Եթե հանձնաժողովը հարցեր ունենա Արցախի նախագահին, Բակո Սահակյանը բազմիցս ասել է, որ ինքը պատրաստ է պատասխանել հանձնաժողովի հարցերին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես որպես հանձնաժողովի նախագահ մի քանի հարց ունեմ ուղղելու Բակո Սահակյանին: Հիմա թե պարոն Սահակյանը կգա, թե հանձնաժողովը կգնա Արցախ, կապված է, թե կորոնավիրուսը ինչպիսի շարժման հնարավորություն է տալիս»,-ասաց նա: