Նոյեմբերին Պուերտո Ռիկայում կանցկացվի հանրաքվե ԱՄՆ-ին՝ որպես նահանգ միանալու հարցով
Պուերտո Ռիկայի նահանգապետ Վանդա Վասկեսը ստորագերլ է օրենք նոյեմբերի 3-ին հանրաքվե անցկացնելու մասին կղզում՝ ԱՄՆ-ին որպես նահանգ միանալու հարցի շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Univision-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ հանրաքվեն կանցկացվի միաժամանակ տեղական ընտրությունների հետ։ Սակայն հանրաքվեն չի նախատեսում, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի քվեարկության արդյունքները։ Ըստ ամերիկյան օրենսդրության՝ վերջնական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ Կոնգրեսը։
Պուերտո Ռիկայի ներկայիս միջազգային իրավական կարգավիճակը հակասական է։ Այսպես, պուերտոռիկացիները պաշտոնապես համարվում են ԱՄՆ քաղաքացիներ, սակայն չեն վճարում հարկեր դաշնային գանձարանին եւ իրավունք չունեն մասնակցել նախագահական ընտրություններին։
Կղզու բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է ԱՄՆ Կոնգրեսին․ այն կառավարում է արտաքին քաղաքականության, պաշտպանության, տեղական օրենսդրության վերաբերյալ հարցերը։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Պուերտո Ռիկայի շահերը ներկայացնում է կոմիսար-ռեզիդենտը, որը չունի ձայնի իրավունք։ Կղզում գործադիր իշխանությունը գտնվում է նահանգապետի ձեռքում։ Կղզին ստանում է բավականին զգալի օգնություն Միացյալ Նահանգների դաշնային բյուջեից։
2012 թվականին Պուերտո Ռիկայում անցկացվել էր հանրաքվե, որին մեծամասնությունը կողմ էր քվեարկել ԱՄՆ-ին միանալու հարցում։ Սակայն Պուերտո Ռիկայի եւ Միացյալ Նահանգների քաղաքական ներկայացուցիչները առ այսօր չեն սկսել ապագաղութացման գործընթացը։ 2017 թվականին կղզում կայացել էր եւս մեկ հանրաքվե, որի արդյունքում հաղթանակ էին տարել ԱՄՆ-ին՝ որպես նահանգ միանալու կողմնակիցները։