Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ․ Փաշինյանը՝ Արմեն Իսրայելյանի սպանության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր՝ մայիսի 16-ին, մամուլիս ասուլիսի ժամանակ Politik.am-ը հարց է ուղղել՝ արդյո՞ք իրեն մեղավոր չի զգում Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանության համար, հատկապես, երբ նա սպանվել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո եւ հիշեցրել, որ թեեւ ընդդիմադիր եղած ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ նրա սպանության հետքերը տանում են պատգամավորի մոտ, սպանությունը մինչեւ այժմ շարունակում է չբացահայտված մնալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ասաց, որ Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ։
«Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ եւ Հայաստանում կային չբացահայտված հանցագործություններ, որոնք բացահայտվում են, կան որ դեռեւս չեն բացահայտվել, իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնս։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրը չի, որտեղ կան չբացահայտված հանցագործություններ, բոլոր երկրներում էլ լինում են, բայց շատ դեպքերում էլ լինում են, երբ այդ հանցագործությունները տարիներ անց են բացահայտվում» ,- նշեց նա։