«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները ԱԺ թանգարանին նվիրեցին Մահաթմա Գանդիի կիսանդրին. պատգամավոր
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները Ազգային ժողովի թանգարանին նվիրեցին Մահաթմա Գանդիի կիսանդրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Այսօր իմ գործընկեր Հերիքնազ Տիգրանյանի հետ հանդիպեցինք «Հանուն արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ: Համամարդկային համախմբման կոչով քայլարշավի հիմնական նպատակը մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձեւավորելն է, որի հիմքում ընկած են ընդդեմ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդիի գաղափարները: «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` խորհրդարանի թանգարանին ընծայելով Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի կիսանդրին:
«Ջայ Ջագաթ 2020»-ի կազմակերպիչները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման հարցում: Որպես երկու ժողովուրդների բարեկամության նշան՝ նրանց նվիրեցինք շախմատ, որը համարվում է իրենց երկրի խորհրդանիշը»։