Հայտարարությունն այն մասին, որ երկիրը կորոնավիրուսի պատճառով օրական կորցնում է 42 մլն դոլար, պարզաբանումների կարիք ունի. Բաբկեն Թունյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը կորոնավիրուսի պատճառով օրական կորցնում է 42 մլն դոլար, պարզաբանումների կարիք ունի: Այս մասին մայիսի 14-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Խորհրդարանականի խոսքով՝ նա դիմել է Մելքումյանին եւ հետաքրքրվել՝ որտեղից է ստացել նման տվյալներ: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է իշխող դաշինքի պատգամավորը, Մելքումյանը հանդես է գալիս այն բանի օգտին, որ պետությունն ընդլայնի բնակչության եւ մասնավոր բիզնեսի ֆինանսական օգնության չափը: Դա, սակայն, Թունյանի կարծիքով, եղած տնտեսական խնդիրների լուծման ամենաճիշտ միջոցը չէ: Այսպես՝ եթե տնտեսությունն, ըստ էության, չի գործում եւ ոչ մի բան չի արտադրում, ապա մեծ միջոցների ներդրումը, միեւնույն է, ոչ մի օգուտ չի տա, քանի որ այդ փողը չի վերականգնվի՝ նոր արտադրանք ու ծառայություններ ստեղծելով, որոնց կարիքը պետությունն այդքան ունի: «Եթե քեզ մոտ բոլոր օբյեկտները փակ են, բայց դու, այդուհանդերձ, տնտեսության մեջ մեծ միջոցներ ես դնում, դրանք ամեն դեպքում չեն կարող իրացվել ըստ նշանակության: Այդ դեպքում այդ միջոցները պարզապես կգնան արժույթի շուկա՝ դոլար ձեռք բերելու համար, ինչը կհանգեցնի է՛լ ավելի անմխիթար հետեւանքների»,- պարզաբանեց Բաբկեն Թունյանը:
Ընդ որում, ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանը 2009 թվականին արդեն ունեցել է նման անմխիթար փորձ, որը հանգեցրել է տնտեսության ավելի քան 14 տոկոսով լուրջ անկման, չնայած Կառավարությունը հատկացրել էր շուրջ 700 մլրդ դրամ:
Լուրեր Հայաստ