«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Լերոյ Սանեին փոխանակել Քինգսլի Քոմանի հետ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է չխոչընդոտել Գերմանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Լերոյ Սանեի տեղափոխությանը Մյունխենի «Բավարիա» մեկ պայմանով, հաղորդում է Sky Germany-ն։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ցանկանում է իր կազմում տեսնել Գերմանիայի չեմպիոնների 23-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանին, որի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում Քոմանը «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Քոմանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։