Ես չեմ հասկանում այն մարդկանց, որ նույն բանն են կրկնում եւ հետո ներողություն խնդրում. Անի Սամսոնյան
Ներողություն խնդրենք նրա համար, որ մենք ստիպված ենք եղել պաշտպանե՞լ մեր արժանապատվությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին եւ դրա համար ներողություն խնդրելուն:
Անդրադառնալով նրան, որ ներողություն են խնդրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Սամսոնյանն արձագանքեց. «Կներեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, որ նույն բանն են կրկնում եւ հետո ներողություն խնդրում: Ումի՞ց պետք է մենք ներողություն խնդրենք, այն մարդկանի՞ց, որ երկու տարի շարունակ ԱԺ ամբիոնից մեզ զրպարտել եւ վիրավորել են։ Այո՛, երբ մենք պաշտպանում ենք մեր արժանապատվությունը, մենք ստիպված իջնում ենք իրենց մակարդակին, բայց այլ կերպ չի լինում: Մենք պիտի պաշտպանվենք եւ նրանք մեզնից ներողություն պիտի խնդրեն այն բանի համար, որ մեզ զրպարտում են եւ չեն ներկայացնում ապացույցներ: Զրպարտանքը լինում է գիտակցված եւ չգիտակցված, երբ դու դա անում ես չգիտակցված, կարող ես հետո ներողություն խնդրել, որ ապատեղեկատվություն ունեիր, բայց երբ անում ես գիտակցված, դա նշանակում է, որ դու զրպարտիչ ես: Օրինակ՝ մեզ կապում են ինչ-որ բանդաների, անձանց հետ եւ մինչեւ այսօր չեն ներկայացնում որեւէ ապացույց»։
Սամսոնյանն ասաց, որ մինչեւ այդ միջադեպի տեղի ունենալն «Իմ քայլը» խմբակցությունն էր ԼՀԿ-ին հայտնում, որ կստեղծի Էթիկայի հանձնաժողով եւ կքննարկի իրենց վիրավորանքները, բայց այսօր «Իմ քայլը» խմբակցությունը չի տեսնում որեւէ առիթ՝ ստեղծելու հանձնաժողով, որը կքննարկի այդ միջադեպը. «Բայց սա այնպիսի միջադեպ է, որը պարզապես Էթիկայի հանձնաժողովի շրջանակներում քննարկելու չէ, որովհետեւ տեղի է ունեցել հարձակում եւ բռնություն մարդու նկատմամբ, հարձակվել են Ազգային ժողովի ամբիոնի մոտ, հարվածել են կողքից, մեջքից, ամբողջ տեսագրությունը կա, եւ հանրությունը տեսել է, թե ովքեր են եղել հարձակվողները: Սա պետք է ոչ միայն քննարկվի Էթիկայի հանձնաժողովում, այլեւ սա պիտի լինի իրավապահների աշխատանքը, պիտի հարուցվեն քրեական գործեր, որտեղ տեղի է ունեցել հարձակում մարդու վրա, եւ այս պատգամավորներն, իմ կարծիքով, պիտի զրկվեն անձեռնմխելիությունից, եւ հետեւաբար նրանք որեւէ անելիք չունեն Ազգային ժողովում»։