Կառավարությունը տվել եք դասալիքների ձեռքը, որ հանձնե՞ք երկիրը. Ազատամարտիկը բողոքում է
Արդեն երեք ամիս է՝ մենք պայքարում ենք, որ ստանանք մեր հերթական բուժումը, բայց մեզ պատասխանում են գնացեք հոգեբուժարանի: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց Սպիտակի ջոկատի համահիմնադիր հրամանատար, ազատամարտիկ Հայկ Եղիազարյանը:
«Մի քանի անգամ վիրավորվել եմ, 2 անգամ կոնտուզիա եմ ստացել, ներկայումս 3-րդ խմբի հաշմանդամ եմ: 18 տարի ես եւ իմ 200 ազատամարտիկ ընկերները բուժում ստացել ենք «Ստրես» կենտրոնում: Մենք տարին 1-2 անգամ մեր հիմնական բուժումն ստացել ենք այդ մենտրոնում: Մեր պետպատվերը տրվում էր սոցապ նախարարության կողմից, այս տարի փոխանցվեց առողջապահության նախարարությանը: Առողջապահության նախարարի թեթեւ ձեռքով մեր պետպատվերը հանվեց: Արդեն երեք ամիս է՝ մենք պայքարում ենք, որ ստանանք մեր հերթական բուժումը, բայց մեզ պատասխանում են գնացեք հոգեբուժարան: Այսինքն ստացվում է, որ ազատամարտիկները, որ պայքարել են հայրենիքի համար, բոլորը հոգեկան հիվանդնե՞ր են: Հոգեբուժարան թող գնան իրենք, իրենց հարազատների հետ միասին: Մենք հոգեբուժարանի գնալու կարիք չունենք»,-ասաց նա:
Ազատամարտիկը նաեւ հավելեց. «Եթե իրենք սա էլ են շատ համարում, ուրեմն ես թքել եմ իրենց վրա: Հերիք է խաղաք մարդկանց նյարդերի հետ, հերիք է արհամարհական վերաբերմունք ցույց տաք: Հիմա կառավարությունը տվել եք դասալիքների ձեռքը, որ հանձնե՞ք երկիրը: Չի ստացվի, մենք ինչ վիճակում էլլինենք, դուրս ենք գալու, չենք թողնելու, որ մի թիզ հող անգամ հանձնեք թշնամուն»: