«Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին
Իտալական «Ռոման» շարունակում է բանակցություններ վարել Լոնդոնի «Արսենալի» հետ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու նպատակով:
La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ «Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին և հակված է համաձայնության գալ «Ռոմայի» ներկայացուցիչների հետ:
Իտալական մարզական պարբերականներից մեկին տված հարցազրույցում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նշել էր, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ 31-ամյա Մխիթարյանին, որը ևս չի ցանկանում հեռանալ «Ռոմայից»:
Ավելի վաղ Sport Mole-ն տեղեկացրել էր, որ «Արսենալն» իջեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը և պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը:
«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։