Լեհաստանում ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամկետով
Մայիսի 10-ին նշանակված Լեհաստանի նախագահի ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամկետով կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հայտնի է միայն, որ Լեհաստանի բնակիչները երկրի նոր ղեկավար կընտրեն հեռակա կարգով, այսինքն՝ փոստով։
Ի սկզբանե ոչինչ չէր կանխատեսում իրավական կոլափս։ Լեհաստանի խորհրդարանի ներքին պալատի խոսնակ Էլջբեթա Վիտեքը, սահմանադրության համաձայն, նշանակել էր նախագահի հերթական ընտրությունները մայիսի 10-ին եւ հայտարարել իր որոշման մասին փետրվարի 5-ին։ Լեհաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մեկ ամիս անց՝ մարտի 4-ին։
Չնայած հիվանդության հայտնաբերված դեպքերի թվի աճին՝ Վիտեքը պնդել է, որ ընտրությունների անցկացմանը ոչինչ չի սպառնում։ Ապրիլի 15-ին նա հայտարարել էր, որ «վստահ է, որ մայիսի 10-ին կա ընտրություններն անցկացնելու հնարավորություն»։
Մարտի 20-ին Լեհաստանում սահմանվել էր համաճարակի ռեժիմ։ Չնայած դրան՝ կառավարության եւ «Իրավունք ու արդարություն» իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակել են պնդել, որ ընտրությունները պետք է անցկացնել սովորական ձեւաչափով։