Կանադայում ոստիկանները ձերբակալել են «Աստղային պատերազմներ» ֆիլմից գրոհիչի հանդերձանքով եւ խաղալիք ատրճանակով կնոջը
«Աստղային պատերազմներ» կանադական ռեստորանի գովազդային ակցիան անցել է ոչ այնպես, ինչպես նախատեսվում էր, քանի որ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են փրոմոութեր-կնոջը, որը կրում էր գրոհիչի կոստյումն ու ուներ խաղալիք զենք:
Ալբերտայում ոստիկանությունը հաղորդել է, որ ստացել է երկու ահազանգ գրոհիչի հանդերձանքով եւ զենքով մարդու մասին Coco Vanilla Galactic Cantina ռեստորանի հարեւանությամբ, որը ձեւավորված է «Աստղային պատերազմների» ոճով
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության երկու մեքենա եւ առնվազն երեք սպա, որոնք շրջափակել էին 19-ամյա երիտասարդ կնոջը՝ զենքը ձեռքին: Ոստիկանները հրամայել էին նրան պառկել գետնին, ինչը բավականին բարդ էր կոստյումի պատճառով: Ի վերջո, կինը պառկել է ասֆալտին լաց լինելով եւ երկու ոստիկաններ հագցրել էին ձեռնաշղթաները: Այդ պահին նրանք ստուգել էին ատրճանակն ու հասկացել, որ դա իսկական չէ, ասել է ռեստորանի սեփականատերը Բրեդլի Ուեյլենը:
«Աստղային պատերազմների» հերոսի հանդերձանքով կինը պետք է կանգներ ռեստորանի հարեւանությամբ եւ ողջուներ անցորդներին՝ հրավիրելով նրանց ներս մտնել: Ձերբակալության ժամանակ նա ստացել է թեթեւ վնասվածք: Կնոջն ազատ են արձակել առանց մեղադրանք ներկայացնելու: Ոստիկանությունը հայտնել է, որ սկսել է դեպքի հետաքննությունը: