Աղետի գոտու 3 մարզերում 229 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 7-ի իր նիստում որոշում կայացրեց 3 մլրդ դրամ հատկացնել աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում 229 ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու համար:
Հարցը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։
Նրա խոսքով, դեռեւս 2018-ի բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով: Հատկացված միջոցներից կային նաեւ տնտեսումներ եւ լրացուցիչ 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է:
«2019-ի բյուջեից հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանքիի բնակարանային խնդիր լուծվել եւ լուծման ընթացքում է: 2019-ի ավարտի տվյալներով դեռեւս լուծման կարիք ունի 460 ընտանիքի բնակարանային խնդիր: Հանձնարարվեց կառավարության կողմից, մենք իրականացրեցինք հարցումներ եւ պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում են ԲԳՎ (բնակարանի գնման վկայական) տարբերակը եւ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացվեց 1,29 մլրդ դրամ եւ այդ աշխատանքները մեկնարկեցին, այս տարի կավարտվի:
Այս նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքի բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նույնպես նախընտրում են ԲԳՎ: Մնացած 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ:
Նախագծով նախատեսված շուրջ 3 մլրդ դրամը կբաշխվի հետեւյալ կերպ.
1.868 մլրդ դրամը կհատկացվի Լոռու մարզի 162 ընտանիքի համար, որից 153-ը բնակելի տան շինարարություն, իսկ 9-ը ԲԳՎ: 988 մլն դրամը կհատկացվի Շիրակի մարզի 59 ընտանիքի համար, որից 55-ը բնակելի տուն կառուցելու եւ 4 ԲԳՎ:
Իսկ 144,3 մլն դրամը կհատկացվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար»,-ընդգծեց Ղուլարյանը:
Նա հավեեց, որ ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերելու վերջնաժամկետ է սահմանվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը, իսկ բնակելի տների շինարարության մասով՝ մինչեւ 2021 թվականի ավարտը: