Ապրիլին Վրաստանում սննդամթերքի գներն աճել են
Վրաստանի «Սակստատ» Վիճակագրության ազգային վարչությունը 2020 թվականի ապրիլի սննդի գները համեմատել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»-ը:
Ինչպես պարզվել է, այս տարի, նախորդ տարվա համեմատ, մրգերի գներն աճել են 45 տոկոսով, կաթնամթերքի գները` 23 տոկոսով, մսամթերքինը` 15 տոկոսով, հացամթերքինը` 8.4 տոկոսով:
Ըստ «Սակստատ»-ի` տարեկան գնաճը 2020 թվականի ապրիլին 6.9 տոկոս է կազմել: Տարեկան գնաճի ձեւավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել է պարենային ապրանքների եւ ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը, որտեղ գներն աճել են 16.1 տոկոսով:
Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ, աճել են հետեւյալ ապրանքային խմբերի գները. մրգեր եւ խաղող (45.4 տոկոս), կաթ, պանիր եւ ձու (23.2 տոկոս), շաքար, ջեմ եւ այլ քաղցրավենիքներ (16.9 տոկոս), միս եւ մսամթերք (15 տոկոս), ձուկ (14.9 տոկոս), բանջարեղեն եւ բոստանայիններ (14.1 տոկոս), կարագ եւ ճարպեր (11.0 տոկոս), հանքային եւ աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ եւ բնական հյութեր (10 տոկոս ), սուրճ, թեյ եւ կակաո (10 տոկոս), հաց եւ հացաբուլկեղեն (8.4 տոկոս):
Ապրիլին, նախորդ տարվա համեմատ, 4.9 տոկոսով աճել են նաեւ առողջապահության գները: Այդպես, գների բարձրացում է գրանցվել բժշկական պարագաների, սարքերի եւ սարքավորումների (8.4 տոկոս) եւ ամբուլատոր բժշկական ծառայությունների (4.4 տոկոս) ենթախմբերում: