Մադուրոն հայտնել է Թրամփի անվտանգության աշխատակիցների ձերբակալման մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ բռնել են 13 վարձկանների, որոնք մտադիր էին երկրում պետական հեղաշրջում իրականացնել: Նրանց թվում եղել են ամերիկացի քաղաքացիներ, որոնք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Մադուրոն համապատասխան հայտարարությունը կատարել էր Կարակասում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բռնել են 13 ահաբեկիչների: Մենք նյութեր ենք առգրավել, որոնք նրանք մտադիր էին օգտագործել իրենց ծրագրի իրականացման համար: Հայտնաբերվել են թմրանյութեր, դոլարներ, արբանյակային հեռախոսներ, ռադիոընդունիչներ, գիշերային տեսանելիության սարքեր»,- հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Վենեսուելայի նախագահը հավելել է, որ բոլորը, ովքեր մասնակցել են հանցագործների ձերբակալմանը, պարգեւատրվելու են եւ կոչումի բարձրացում են ստանալու:
«Ձերբակալված [վարձկանների] թվում է դավաճան Անտոնիո Սեկան եւ Բադուել ազգանունով մի քաղաքացի, որը հայտարարել է, որ ներխուժման խմբում են եղել [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփի անվտանգության խմբից երկու ամերիկացիներ»,- ասել է Մադուրոն: Վենեսուելայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ 2 քաղաքացիներին ավելի ուշ ձերբակալել են: Նա ցուցադրել է Լյուկ Ալեքսանդր Դենմանի եւ Այրան Բերիի փաստաթղթերը:
Վենեսուելայի իշխանությունները մայիսի 3-ին հայտնել էին, որ իրենց հաջողվել է կանխել Կոլումբիայից վարձկանների ներխուժումը, որոնք մտադիր էին Բոլիվարական Հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնել: Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դյոսդադո Կաբելյոյի խոսքով՝ վարձկանները փորձել են Վենեսուելա թափանցել մակույկներով:
Կոլումբիայի իշխանությունները հերքել են վենեսուելական կողմի հայտարարությունը: Նրանց վարկածով՝ Կարակասը Բոգոտայի դեմ անհիմն մեղադրանքներ է առաջադրում Վենեսուելայի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով: