Լա Լիգայի նախագահ․ Հանգամանքները բացառիկ են, բայց մենք ցանկանում ենք խաղալ հունիսին
Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հույս ունի, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունն անավարտ չի մնա։
«Ճգնաժամը վատ է ազդել բոլորիս վրա։ Ֆուտբոլի վերադարձը կնշանակի, որ կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։ Դա կվերադարձնի մեզ կյանքի մի մասը, որը գիտեն եւ սիրում են Իսպանիայում եւ ամբողջ աշխարհում։
Առաջին տեղում առողջությունն է։ Մենք ունենք առաջնության բոլոր մասնակիցների առողջության պաշտպանության բազմակողմանի ընթացակարգ։
Հանգամանքները բացառիկ են, բայց մենք ցանկանում ենք սկսել խաղալ հունիսին եւ ամռանն ավարտին հասցնել առաջնությունը։ Ֆուտբոլի վերադարձը կլինի հաղթանակ»,- Խավյեր Տեբասի խոսքը մեջբերում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։
Սպասվում է, որ այս տարի Իսպանիայի բոլոր ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Թիմերն այս ամիս կվերսկսեն մարզումները։